Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից
ՔաղաքականությունՀորմուզի նեղուցով նավերի անցման համար տարեկան եկամուտները, յուրաքանչյուր նավից 2 միլիոն դոլար վճար գանձելու դեպքում, կարող են հասնել առնվազն 64 միլիարդ դոլարի. այսպիսի հաշվարկ է ներկայացրել Իրանի պետական հեռուստառադիոընկերության փոխտնօրեն Հասան Աբեդինին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հորմուզի նեղուցը վերածվել է մի միջանցքի, որը գտնվում է Իրանի ողջամիտ կառավարման ներքո: Եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի նեղուցով անցել է 32 հազար նավ, և յուրաքանչյուրից գանձվի 2 միլիոն դոլար, ապա Իրանը կարող է ստանալ մոտ 64 միլիարդ դոլար»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի առաջարկը և Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ ամբողջությամբ, անհապաղ և անվտանգ կերպով բացել Հորմուզի նեղուցը, հստակեցրել է ամերիկյան առաջնորդը:
Ինչպես հայտնել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը, Թեհրանը առաջադրել է հրադադարի 10 պայման, որոնց հետ ԱՄՆ-ն ստիպված է եղել համաձայնել: Դրանց թվում են՝ չհարձակման սկզբունքը, Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ուրանի հարստացումը Իրանի տարածքում, հիմնական և երկրորդային պատժամիջոցների չեղարկումը, փոխհատուցման վճարումը և տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերումը:
Ապրիլի 7-ին The New York Times թերթը, հղում անելով Իրանի անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ Թեհրանի առաջարկած ծրագիրը նախատեսում է 2 միլիոն դոլարի վճարի սահմանում՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար: