Լրահոս
Կարևոր

Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային զարգացման պատկերը, որը բացահայտվում է վերջին հարկային վիճակագրության լույսի ներքո, արտացոլում է խոր և բարդ խնդիրների ամբողջություն։ Իսկ այն վերաբերում է ոչ միայն տնտեսական ռեսուրսների բաշխմանը, այլև երկրի ժողովրդագրական, սոցիալական և զարգացման ապագային։ Այն փաստը, որ երկրի 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը, վկայում է տնտեսական գերկենտրոնացման մասին։ Այս թվերը՝ որպես վիճակագրական ցուցանիշներ, արտացոլում են այն համակարգային անհավասարակշռությունը, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և որը շարունակում է խորանալ՝ ստեղծելով ամբողջ մի շղթա երկարաժամկետ խնդիրների։

Տնտեսական գերկենտրոնացումը Հայաստանում ունի բազմաշերտ պատմական արմատներ, որոնք սկսվում են դեռևս խորհրդային տարիներից, երբ Երևանը ձևավորվեց որպես արդյունաբերական և վարչական կենտրոն՝ կենտրոնացնելով իր շուրջը գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները, կրթական և գիտական հաստատությունները, մշակութային կյանքը։ Անկախության տարիներին, երբ տեղի ունեցավ տնտեսության տրանսֆորմացիա և անցում շուկայական հարաբերություններին, այս կենտրոնացումը ոչ միայն չնվազեց, այլև զգալիորեն խորացավ, քանի որ նոր ձևավորվող բիզնես կառույցները, ներդրողները, ֆինանսական ինստիտուտները, բնականաբար, հակված էին տեղակայվել այնտեղ, որտեղ արդեն իսկ կար զարգացած ենթակառուցվածք, որակյալ աշխատուժի առկայություն, շուկաներ և վարչական ռեսուրսներ։

Երբ խոսում ենք 84,26 տոկոս հարկային մուծումների կենտրոնացման մասին մայրաքաղաքում, պետք է հասկանանք, որ սա վկայում է ոչ միայն բիզնեսի կենտրոնացման, այլև ամբողջ տնտեսական էկոհամակարգի խեղաթյուրման մասին։ Այս թվի հետևում կանգնած է իրականությունը, որ մարզերը զրկված են լինում հենց այն ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են զարգացման համար՝ ներդրումներ, բարձր որակավորում ունեցող աշխատուժ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ֆինանսական հասանելիություն, ենթակառուցվածքային զարգացում։ Ստեղծվում է ինքնաուժեղացնող ցիկլ, երբ բիզնեսը հակված է գնալ Երևան՝ ռեսուրսների և հնարավորությունների համար, իսկ դա իր հերթին ավելի է ամրապնդում մայրաքաղաքի տնտեսական դոմինանտությունը և ավելի է նվազեցնում մարզերի հնարավորությունները զարգանալու համար։

Համեմատական տվյալները ևս ավելի են ընդգծում իրավիճակի սրությունը, երբ տեսնում ենք, որ 2024 թվականի համեմատ Երևանում գրանցված ընկերությունների թիվն աճել է երկուսով, իսկ նրանց կողմից մուծված հարկերը ավելացել են 189,4 միլիարդ դրամով կամ 13,06 տոկոսով, մինչդեռ մարզերում գրանցված ընկերությունների հարկային մուծումները նվազել են 15,9 միլիարդ դրամով կամ 4,93 տոկոսով։ Այս դինամիկան ցույց է տալիս, որ խնդիրը ոչ միայն հաստատուն է, այլև խորանում է, երբ տնտեսական գործունեության աճի դինամիկան կենտրոնացած է հատուկ մայրաքաղաքում, իսկ մարզերը ոչ միայն հետ են մնում այդ աճից, այլև արձանագրում են նվազում։ Սա հատկապես անհանգստացնող է, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հենց տարածքային զարգացման հավասարակշռությունն է երաշխավորում երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը։

Տնտեսական գերկենտրոնացման այս մակարդակը ունի խոր սոցիալական հետևանքներ, որոնք արտահայտվում են բազմաթիվ ոլորտներում։ Նախ և առաջ՝ սա առաջացնում է զանգվածային միգրացիա մարզերից դեպի Երևան, երբ մարդիկ, հատկապես երիտասարդները ստիպված են լքել իրենց ծննդավայրերը՝ որոնելով աշխատանքային հնարավորություններ, որակյալ կրթություն, առողջապահական սպասարկում, մշակութային և սոցիալական ծառայություններ։ Այս միգրացիան հանգեցնում է մարզերում ակտիվ, կրթված, նախաձեռնող բնակչության կորստի, ինչն իր հերթին ավելի է նվազեցնում այդ տարածքների զարգացման ներուժը։

Երևանը, մյուս կողմից, բախվում է գերբնակեցվածության խնդրի, ենթակառուցվածքային գերծանրաբեռնվածության, բնապահպանական խնդիրների, երբ քաղաքը պարզապես չի հասցնում զարգանալ այն տեմպերով, որով մարդիկ հոսում են դեպի այն։ Մարզերն, իհարկե, ունեն իրենց հատուկ ներուժը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, վերամշակող արդյունաբերություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, բայց այս ներուժը մնում է չօգտագործված կամ թերօգտագործված հենց այն պատճառով, որ չկան համապատասխան ներդրումներ, ենթակառուցվածքներ և չի վարվում համապատասխան պետական քաղաքականություն։

Ֆինանսական և ներդրումային հոսքերի կենտրոնացումը Երևանում ստեղծում է նաև լուրջ խնդիրներ տեղական տնտեսությունների զարգացման համար։ Բանկերը, ներդրումային ֆոնդերը, ֆինանսական ինստիտուտները սովորաբար հակված են ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ տեսնում են արդեն իսկ ձևավորված շուկաներ, զարգացած ենթակառուցվածք, բարձր վերադարձի ու շահութաբերության հնարավորություններ։ Մարզերը, ունենալով սահմանափակ տեղական ռեսուրսներ, չեն կարողանում ստեղծել այն մեծ պլատֆորմը, որը կարող է գրավել լուրջ ներդրումներ։ Սա հանգեցնում է այն իրավիճակին, որ նույնիսկ այն պարագայում, երբ մարզերում առկա են հեռանկարային նախագծեր և բիզնես գաղափարներ, դրանք չեն կարող իրացվել ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով։

Պետական քաղաքականության և վարչարարության առումով տնտեսական գերկենտրոնացումը նաև ստեղծում է մարտահրավերներ։ Երբ տնտեսական ակտիվության և հարկային մուծումների ճնշող մեծամասնությունը գալիս է մայրաքաղաքից, կառավարությունն ակամա իր ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնում է այդ տարածքում, իսկ մարզերը մնում են երկրորդական կարևորության մեջ։ Սա արտացոլվում է ենթակառուցվածքային նախագծերի բաշխման, բյուջետային հատկացումների, զարգացման ծրագրերի առաջնահերթությունների մեջ։ Թեև պաշտոնական մակարդակով միշտ կարող են հնչել հայտարարություններ մարզերի զարգացման մասին, իրականում տնտեսական տրամաբանությունը թելադրում է, որ ռեսուրսները հոսեն այնտեղ, որտեղ արդեն իսկ կա ակտիվ տնտեսական գործունեություն։

Ու կարևոր է, որ մարզերում լոգիստիկ ու ենթակառուցվածքային նախագծերի մեջ ոչ միայն պետությունը ներդրումներ իրականացնի, այլև արտոնյալ պայմաններ ստեղծի, որպեսզի բիզնեսը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Բայց, միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարբեր ընկերություններ ևս փորձեն «ընդլայնվել» դեպի մարզեր, իսկ ավելի ստույգ՝ «Երևանից դուրս»: Բարեբախտաբար, արդեն իսկ կան ընկերություններ, որ քայլեր են ձեռնարկում այս առումով, թեպետ նրանց թիվը դեռ բավական փոքր է, կարելի է ասել՝ հատուկենտ։ Օրինակ՝ մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրն է կառուցել Կոտայքի մարզում՝ բավական մեծ թվով աշխատատեղերով։ Սա կարևոր փաստ է, որը կարող է ընդօրինակելի դառնալ այլ կազմակերպությունների համար։ Ի վերջո, խոսքը նոր ստեղծվող կազմակերպության մասին չէ, այլ տասնյակ տարիների պատմություն ունեցող, որը Երևանում արդեն իսկ ունի հագեցած ու զարգացած գործարան:

Կրթական և մարդկային կապիտալի առումով ևս իրավիճակը նույնպես անհանգստացնող է։ Երևանում կենտրոնացած են գրեթե բոլոր խոշոր համալսարանները, հետազոտական կենտրոնները, բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Մարզերի երիտասարդները, գալով սովորելու մայրաքաղաքում, հազվադեպ են վերադառնում իրենց տարածաշրջաններ, քանի որ այնտեղ չկան համապատասխան աշխատանքային հնարավորություններ իրենց որակավորման համար։ Սա ստեղծում է մարդկային կապիտալի միակողմանի հոսք, երբ մարզերը ծախսում են ռեսուրսներ երիտասարդների դաստիարակության վրա, բայց արդյունքում այդ ներուժը օգտագործվում է Երևանի տնտեսության մեջ։

Շուկաների մատչելիության հարցը նույնպես կարևոր դեր է խաղում։ Երևանը, լինելով երկրի ամենախոշոր քաղաքը և կենտրոնացնելով բնակչության զգալի մասը, իր մեջ ներառում է հիմնական սպառողական շուկան։ Ավելին՝ Երևանից ավելի հեշտ է մուտք գործել արտահանման շուկաներ՝ միջազգային օդանավակայանի, միջազգային տրանսպորտային կապերի, մաքսային ծառայությունների կենտրոնացման շնորհիվ։ Մարզերի ընկերություններն ունեն լրացուցիչ տրանսպորտային և լոգիստիկ ծախսեր, ինչը նվազեցնում է նրանց մրցակցայնությունը։ Թեև տեխնոլոգիական առաջընթացի և թվայնացման դարաշրջանում ակնկալվում էր, որ աշխարհագրական հեռավորությունները պետք է կորցնեն իրենց նախկին նշանակությունը, սակայն Հայաստանի փորձը փաստում է, որ այս գործընթացները դեռևս դանդաղ են ընթանում։

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զգալի ձեռքբերումներին և հեռավար աշխատանքի լայն հնարավորություններին՝ մարզերում ՏՏ ընկերությունների ու մասնագետների կենտրոնացվածությունը շարունակում է մնալ ցածր՝ զգալիորեն զիջելով մայրաքաղաքին։ Այս անհամաչափությունը պայմանավորված է ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրներով, մասնավորապես՝ ինտերնետ կապի որակով, այլև մարզերում կրթական հնարավորությունների սահմանափակությամբ, մասնագիտական համայնքի թույլ ներկայությամբ և ձևավորված նորարարական էկոհամակարգի բացակայությամբ։

Բնականաբար, տարածքային դիվերսիֆիկացված տնտեսությունը ավելի կայուն է նաև արտաքին ցնցումների նկատմամբ, քանի որ տարբեր տարածքների տնտեսությունները կարող են իրար լրացնել և փոխհատուցել։ Համեմատելով այլ երկրների հետ՝ տեսնում ենք, որ նույնիսկ փոքր երկրներում ձգտում են ապահովել ավելի հավասարակշռված տարածքային զարգացում։ Օրինակ՝ Վրաստանը. Թբիլիսին թեև կարևոր դեր ունի, բայց Բաթումին, Քութայիսին և այլ քաղաքներ նույնպես զգալի ներդրում են ունենում տնտեսության մեջ։ Եվրոպական երկրներում տարածքային քաղաքականությունն ընդհանրապես առաջնահերթություններից մեկն է, և զգալի ռեսուրսներ են ուղղվում նվազ զարգացած տարածաշրջանների զարգացմանը։

Պատճառները, որոնք հանգեցրել են այսպիսի գերկենտրոնացման, բազմաթիվ են և փոխկապակցված։ Դրանք ներառում են տարածքային զարգացման խրախուսման հարցում պետական նպատակաուղղված քաղաքականության բացակայությունը, մարզերում բիզնես միջավայրի թուլությունը, վարչական և կանոնակարգային բարդությունները, մարզերում կոռուպցիայի բարձր ռիսկերը, տեղական ինքնակառավարման ցածր մակարդակը, ֆինանսական և մարդկային ռեսուրսների սակավությունը։

Այս խնդրին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համապարփակ տարածքային զարգացման ռազմավարություն, որը կկենտրոնանա մարզերում զարգացման կենտրոնների ստեղծման, ենթակառուցվածքի զարգացման, մարդկային կապիտալի ներուժի մեծացման, ներդրումային կլիմայի բարելավման, տեղական տնտեսությունների մասնագիտացման և դիվերսիֆիկացման վրա։ Անհրաժեշտ են նաև հարկաբյուջետային խթաններ բիզնեսի համար մարզերում տեղաբաշխվելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացում, մարզերում կրթական և առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների արդիականացում։

Մարզերում հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը, արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության խրախուսումը, զբոսաշրջության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը, էներգետիկայի և վերականգնվող էներգիայի նախագծերը կարող են դառնալ այն առանցքները, որոնց շուրջ կարելի է կառուցել տեղական տնտեսությունների զարգացումը։

Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ սա երկարատև գործընթաց է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն, զգալի ներդրումներ և համակարգված ջանքեր բոլոր մակարդակներում՝ պետական, մասնավոր հատվածի և քաղաքացիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան