Զելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. Զախարովա
ՔաղաքականությունՎլադիմիր Զելենսկու այցը Երևան հայ ժողովրդին ցույց տվեց, թե ինչ ճակատագիր է նրա համար պատրաստում Եվրոպական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց Զելենսկու այցը Երևան Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար նախապատրաստել է Եվրոպական միությունը։ Հոտնկայս ծափահարում եմ։ Ո՛չ, սա սխալ չէ։ Սա իսկական նվեր է։ Հայ ժողովրդին ցույց տալ բրյուսելյան դրածոյին, որն իսկապես դարձել է մարմնավորումն այն բանի, թե ինչ է անում Եվրոպական միությունը այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների հետ», - ասել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Հայաստանը մտնում է Եվրոպայի միլիտարիզացման պլանների մեջ, և նրան նույնպես ներքաշելու են հենց այդ եվրամիութենական ճակատներ։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին Երևանում խոսել է նաև հակառուսական նոր պատժամիջոցների մասին։
«Ու՞մ էր նա դա ասում։ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր համագործակցում են, բիզնես են վարում, ընկերություններ են ստեղծում Ռուսաստանի քաղաքացիների հետ, մեր ընկերությունների հետ»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հարց է բարձրացրել, թե ինչու նա չի խոստովանել, որ ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում հակառուսական պատժամիջոցները ոչ թե անուղղակիորեն, այլ ուղղակիորեն հարվածելու են Հայաստանի ընկերություններին, Հայաստանի քաղաքացիներին, հայկական բիզնեսին և հայերի բարեկեցությանը։
«Ինչո՞ւ լռեցին։ Դե, նրանք լռեցին, բայց իրավիճակն ինքնին ամեն ինչ ի ցույց դրեց և բոլորին պատմեց այդ գաղտնիքների մասին, որոնք այժմ ակնհայտ դարձան»,- եզրափակել է նա։