Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ
ՔաղաքականությունՉին-ճապոնական հարաբերություններում առկա դժվարությունների պատասխանատվությունը լիովին կրում է Տոկիոն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը բազմիցս նշել է, որ չին-ճապոնական հարաբերությունները լուրջ դժվարություններ են ապրում։ Դրանց պատճառը Թայվանի և ռազմական անվտանգության հարցերում ճապոնական ներկայիս իշխանությունների մի շարք սխալ գործողություններն են։ Դրա պատասխանատվությունը լիովին ընկած է ճապոնական կողմի վրա»,- ասել է դիվանագետը։
Գո Ցյակունը Տոկիոյին կոչ է արել հարգել Չինաստանի հիմնարար շահերը, դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին և պահպանել երկու երկրների միջև կնքված չորս քաղաքական փաստաթղթերի դրույթները։ Նրա խոսքով՝ Ճապոնիան պետք է ուղղի սխալները և գործնական քայլերով ցույց տա հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու անկեղծ ձգտումը։