Հայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ կապված միջոցառման պատշաճ կազմակերպելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Նախքան հարցը ներկայացնելը՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Քանի որ COP17 համաժողովին մնացել է շուրջ երկու ամիս, նախքան բուն հարցի զեկուցումը թույլ տվեք հակիրճ անդրադառնալ դրա նշանակությանը։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։
COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։
Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։
Նախարարը նշել է, որ ներկայումս կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթանում են։ «Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան 4 վրանների, ընդհանուր 5400 քմ, վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու ամենատարբեր տեսակի կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկայում էլի կներկայացվեն Կառավարության քննարկմանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,-ասել է Համբարձում Մաթևոսյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը և ընդգծել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10000-15000 մասնակից. «Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքները պետական բյուջեից ֆինանսավորելով՝ Կառավարությունը մեծ ներդրում է արել «Մերիդիան» կենտրոնում։ «Այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես՝ այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ ֆունդամենտալ լուծում ենք այն հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել»,-նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք ունենալը։
Վարչապետն անդրադարձել է նաև դրա շրջանակում Երևանի այդ հատվածում վերջին շրջանում կատարված աշխատանքներին. «Ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում այդ հատվածը։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի «Հաղթանակ» կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Այս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։ Եվ, բացի այդ, հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են։ «Կարմիր կամուրջ»-ի հետ, դրանք շատ կարևոր մի մաս են կազմում։ Եվ, իհարկե, Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է, և հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում»։
Հետևեք մեզ՝ այստեղ