Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ Մակրոն
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինային՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ընտրելով «ահաբեկման ու էսկալացիայի» ճանապարհը։
Մակրոնը նշել է, որ Կրիվոյ Ռոգում ցերեկային ժամերին առևտրի կենտրոնի ուղղությամբ ռուսական կրկնակի հարվածի հաջորդ օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ և նրան փոխանցել իր «սարսափն ու խոր մտահոգությունը»։
«Այս հարվածներով, ինչպես նաև այս շաբաթ Կիևի ուղղությամբ իրականացված հարձակումներով՝ Ռուսաստանը շարունակում և խորացնում է իր ագրեսիայի հանցագործությունը։ Համակարգված կերպով թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ընտրելով ահաբեկման ու էսկալացիայի ճանապարհը՝ Ռուսաստանը, հավանաբար, փորձում է ուժ ցուցադրել, սակայն առաջին հերթին թուլության մասին է վկայում»,- հայտարարել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու և ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Մակրոնը հայտնել է, որ Զելենսկիին տեղեկացրել է Ֆրանսիայի աջակցության ուժեղացման մասին՝ մասնավորապես որսացող հրթիռների ուղարկման և համագործակցության շարունակման միջոցով։ Նա ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ունեցող բոլոր երկրները միանան այդ ջանքերին։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան հրաժարվում է ռազմական գործողությունների դադարեցումից և խաղաղությունից։
Մակրոնը նաև նշել է, որ Զելենսկիի հետ քննարկել է առաջիկա «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանն ընդառաջ խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նրա խոսքով՝ այդ խաղաղությունը պետք է լինի ուկրաինացի ժողովրդի իրավունքների հարգմամբ և Ուկրաինայի ու Եվրոպայի համար անվտանգության երաշխիքներով։
«Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ նրան դա չի հաջողվի։ Ուկրաինայի կողքին միասնական լինելով՝ մենք ուժի նկատմամբ գերակայություն կտանք իրավունքին և արդարությանը»,- հայտարարել է Մակրոնը։
Հետևեք մեզ՝ այստեղ