Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը
ՀասարակությունՍեպտեմբերի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքից դանակի հարվածի հետևանքով «ձախ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Պյոտր Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 29-ամյա Պավել Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ավտոմեքենան վարելու ժամանակ իրեն անծանոթ, կարմիր գույնի «Tesla» ավտոմեքենայի վարորդը տվել է երկար ձայնային ազդանշան և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանք։ Ճանապարհը չզիջելու հանգամանքով պայմանավորված՝ կանգնել են փողոցում և սկսել պարզաբանումներ կատարել, ինչը վերածվել է վիճաբանության։ Նույն պահին կանգնել է սպիտակ գույնի «BMW» ավտոմեքենան, որի վարորդը խառնվել է վիճաբանությանը և իր մոտ գտնվող դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Հետևեք մեզ՝ այստեղ