Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
ՔաղաքականությունՌուսաստանի տարածքում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունների, ինչպես նաև «Որոնում-2026» և «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների ակտիվ փուլը։
Չեբարկուլի զորավարժարանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը համատեղ գործողություններ են իրականացրել՝ սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացման նպատակով։
Զորավարժությունների ակտիվ փուլի ընթացքում մասնակիցները գործնականում մշակել են հետախուզության իրականացման, կրակային գերազանցության հասնելու, հակառակորդի առաջապահ դիրքերի ոչնչացման, ինչպես նաև բնակավայրում հակառակորդին շրջափակելու և ջախջախելու գործողությունները։
Հաջորդ փուլում մշակվել են հակառակորդի առաջ շարժվող պահեստազորային ուժերի շրջափակման և ոչնչացման, անտառային գոտում ցրված ստորաբաժանումների որոնման ու ոչնչացման, ինչպես նաև սահմանային վերահսկողության վերականգնման գործողությունները։
Վերջնական փուլում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներն աշխատել են մարտական գործողությունների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ։
Զորավարժությունների առանձնահատկություններից են եղել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի և ռոբոտատեխնիկական համալիրների լայն կիրառումը, ինչպես նաև զորքերի գործողությունների մշակումը՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության անցկացման փորձը։
Զորավարժությունների եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Մաշյանովը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների զորախմբերի ավագները։
Հետևեք մեզ՝ այստեղ