Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը
ՔաղաքականությունՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելը ներկայում Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինված դիմակայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Այսօր տնտեսական պատերազմն ավելի կարևոր է ռազմական դիմակայությունից կամ կիբերպատերազմից», – նշել է Ղալիբաֆը, որի խոսքը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Պաշտոնյայի համոզմամբ՝ տնտեսական ճնշումն «Իրանի դեմ պատերազմի հիմնական առանցքն է, և երկրի իշխանությունների գլխավոր խնդիրը ճիշտ որոշումների ընդունումն է և կայուն պետական կառավարումը»։
Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը, Իսլամական Հանրապետությունը «հանգամանորեն գնահատում է անցյալ իրադարձությունները. թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը փորձում են կառավարել իրավիճակը»։
«Ներկայում կարևորագույն առաջնահերթությունը բոլոր որոշումներն ընդունելիս իրանցիների և զինված ուժերի բարեկեցությունն է», – հավելել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ «պետությունը պետք է ապահովի, որ բնակչության կյանքի բնականոն պայմանները լինեն վերջին ոլորտը, որը կտուժի պատերազմի և պատժամիջոցների ճնշումներից, որոնք սահմանված են Իրանի դեմ»:
Հետևեք մեզ՝ այստեղ