Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալ
ՔաղաքականությունԹեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, որ Լոնդոնի՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպին Իրանի առնչության վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են։ Իրանական կողմը պահանջել է նման հայտարարությունների կապակցությամբ ապացույցներ ներկայացնել։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ում նշել են, որ Շորթերը նախարարություն է կանչվել՝ «բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպին Իրանի առնչության մասին անհիմն հայտարարությանն ի պատասխան»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսլամական Հանրապետությունը լիովին մերժում է իր հասցեին Մեծ Բրիտանիայի կառավարության անհիմն մեղադրանքները և «դատապարտում է Իրանի դեմ արշավի շրջանակում Մեծ Բրիտանիայի անպատասխանատու գործողությունները, որոնք լիովին հակասում են բրիտանական կառավարության միջազգային իրավական պարտավորություններին»։
Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լոնդոնը պետք է «հնարավորինս շուտ փաստաթղթեր և ապացույցներ ներկայացնի» Ֆեյրֆորդի ռազմաբազայում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի առնչությամբ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Հակառակ դեպքում, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Իսլամական Հանրապետությունը «լրջորեն կվերանայի երկկողմ հարաբերությունները, ինչի պատասխանատվությունը կընկնի բրիտանական կառավարության վրա»։
Հետևեք մեզ՝ այստեղ