Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում
ՀասարակությունՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել հանրակրթական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման կարգում՝ վերանայելով բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցների գնահատման չափանիշները, հստակեցնելով ֆինանսական խրախուսման տրամադրման պայմաններն ու անհրաժեշտ տվյալների ներկայացման ձևաչափերը։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1150-Ն որոշման մեջ, որով սահմանվել է բարձր կատարողականի արդյունք ունեցող դպրոցներին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողական ունեցող հաստատություններին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը։
Ինչո՞ւ են առաջարկվում փոփոխությունները
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և հստակեցնելու դպրոցների կատարողականի գնահատման չափանիշները, գնահատման գործընթացի կազմակերպման ընթացակարգերը և դրա համար անհրաժեշտ տվյալների շրջանակը։
Փոփոխությունների նպատակն է ապահովել գնահատման գործընթացի ամբողջականությունը, հետևողականությունն ու միասնականությունը, ինչպես նաև հստակեցնել ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։
Ինչպե՞ս կփոխվի դպրոցների գնահատման կարգը
Նախագծով առաջարկվում է հստակեցնել գնահատման չափանիշների ներկայացման և հաստատման ընթացակարգը։ Մասնավորապես, գնահատման չափանիշների նախագիծը հանձնաժողովին պետք է ներկայացվի մինչև գնահատման գործընթացի մեկնարկը, իսկ չափանիշները կհաստատվեն հանձնաժողովի կողմից՝ նախարարի հրամանով։
Միաժամանակ նախատեսվում է, որ գնահատման չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, այդ թվում՝ չափանիշների կշիռները, շեմային արժեքները և գնահատման հաշվարկային մեխանիզմը, հրապարակման ենթակա չեն լինի։
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ այս կարգավորումը նպատակ ունի նվազեցնել գնահատման ցուցանիշների ձևական ապահովման և գնահատման արդյունքների վրա արհեստական ազդեցության ռիսկերը՝ հնարավորություն տալով դպրոցների գործունեությունը գնահատել իրական արդյունքների հիման վրա։
Ի՞նչ նոր չափանիշներով կգնահատվեն դպրոցները
Նախագծով վերանայվում են հաստատությունների գործունեության գնահատման չափանիշները։ Մասնավորապես, առաջարկվում է գնահատման ընթացքում հաշվի առնել՝
ուսումնական պլանի ձևավորման ժամկետները և դրանում կատարված փոփոխությունները,
դասաբաշխումը՝ ըստ պետական, դպրոցական և անհատական բաղադրիչների,
անհատական բաղադրիչի հաշվին ձևավորված խմբակները և դրանցում ընդգրկված սովորողների թիվը,
թեմատիկ պլանների ձևավորման ժամկետները,
ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար երկարօրյա ուսուցման կազմակերպումը և այդ ծառայություններից օգտվողների թիվը,
նախագծային աշխատանքներում սովորողների ներգրավվածությունը,
սովորողների փոխադրման և ավարտական փաստաթղթերի ձևավորման գործընթացները,
տվյալ տարվա հերթական ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների թիվը,
մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում գնահատականի փոփոխություն ունեցած ուսուցիչների թիվը,
սովորողների գնահատման համակարգի օբյեկտիվությունը։
Բացի այդ, վերջին հինգ տարվա ընթացքում մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները գնահատելիս հաշվի կառնվեն նաև կամավոր ատեստավորման դրական արդյունք ունեցող և տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թվերը։
Ի՞նչ պայմաններ կսահմանվեն դպրոցների խրախուսման համար
Նախագծով հստակեցվում են բարձր կատարողական ունեցող դպրոցների կողմից ներկայացվող նորարարական ծրագրին, ինչպես նաև նախարարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար որպես առաջնահերթություն սահմանված առնվազն մեկ ծրագրին մասնակցելու պահանջները։
Վերանայվում են նաև գնահատման հանձնաժողովի կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրման և գնահատման ընթացակարգերը։ Ֆինանսական խրախուսման տրամադրման կարգավորումները կհստակեցվեն՝ հաշվի առնելով բյուջետային հատկացման ընդհանուր չափը։
Ինչպե՞ս կարող են օգտագործվել տրամադրվող ֆինանսական միջոցները
Նախագծով հստակեցվում են բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցներին տրամադրվող լրացուցիչ ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։
Մասնավորապես, բարձր կատարողական ունեցող դպրոցներին հնարավորություն կտրվի իրենց փորձը ներկայացնել միջազգային կամ տեղական համաժողովներում, հանրայնացնել ձեռքբերումները և առկա ռեսուրսներն ընդգրկել տարբեր ծրագրերում։
Ցածր կատարողական ունեցող դպրոցներին էլ հնարավորություն կտրվի տեղական համաժողովներում ուսումնասիրել այլ ուսումնական հաստատությունների փորձը։
Ինչպե՞ս կփոխվի դպրոցների վերաբերյալ տվյալների ներկայացման կարգը
Նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում «Բարձր կատարողականի արդյունքով գնահատման համար հաստատության վերաբերյալ տվյալներ» Ձև N 1-ը։
Բացի այդ, կարգը լրացվում է նոր՝ Ձև N 2-ով, որով սահմանվում է ցածր կատարողականի արդյունքով գնահատման համար հաստատության վերաբերյալ տվյալների ներկայացման միասնական ձևաչափը։
Այս փոփոխությունների նպատակն է ապահովել գնահատման համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման և ներկայացման միասնական մոտեցում։
Ե՞րբ կկիրառվեն նոր կարգավորումները
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կատարելագործել հանրակրթական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման գործընթացը, բարձրացնել դպրոցների գործունեության արդյունքների համադրելիությունը և նպաստել բարձր կատարողական ունեցող հաստատությունների ձեռքբերումների տարածմանը, ինչպես նաև ցածր կատարողական ունեցող դպրոցների զարգացմանն ուղղված աջակցության նպատակային կազմակերպմանը։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Միաժամանակ չեն փոփոխվելու դպրոցների կատարողականի արդյունքներով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու համար նախատեսված ֆինանսավորման ընդհանուր չափերը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։
Հետևեք մեզ՝ այստեղ