ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Բաքվին՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ
Ադրբեջանը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել՝ Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով, սակայն բավարարված չէ գերատեսչական այդ պատասխանով: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես կարդացել եմ այդ նամակը: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Ըստ էության, դա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հարցման հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները», - ասել է Ալիևը: