««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան
Քաղաքականություն«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ ուզի Հայաստանը դա, թե չուզի։ Եթե Հայաստանը ցանկանա, մենք այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ՝ ուժով կանենք դա», - Իլհամ Ալիև։
Այս բարբաջանքին կոշտ պատասխանելու փոխարեն վարչապետի աթոռն զբաղեցնողն այսօր շրջում է Սյունիքում` սրբագրվելու, ապագայում սրբադասվելու անհաջող փորձեր անելով, բորբոքում է քաղաքացիների զայրույթն ու հրահրում նրանց բախումը ոստիկանների հետ։
Այդպես էլ մի խելամիտ խորհրդատու չգտնվեց, որ այս մարդուն զերծ պահի մեկը մյուսից ավելի կործանարար ու ապակառուցողական քայլերից։
«ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո'ն Փաշինյան, իսկ Դուք դեռ շարունակում եք կնքել Ձեր քաղաքական անփառունակ մահկանացուն հայոց պատմության` ժամանակի սև էջերին։ Կեղծ ֆեյքատիրական կարգերը, սուտն ու համաժողովրդական խառնակչությունն այլեւս չեն փրկելու Ձեզ։ Եվ որքան հաճախ շրջեք ժողովրդի մեջ, այնքան ավելի շուտ կհամոզվեք, որ այլեւս չունեք համաժողովրդական աջակցություն։
Պատմությունը Ձեզ` որպես արդար դատավոր։