Աշխատանքից կազատվեք, եթե. ԱՆ-ն տեղեկացնում է
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանանքները»,- ասաց Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: