Լրահոս
Կարևոր


Հայաստանի առաքելությունը հարափոփոխ աշխարհում. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

Անցած տարվա ընթացքում, «Հայաստանի ճակատագրական ընտրությունը» կոչվող հոդվածաշարում, ես փորձել էի շարադրել իմ պատկերացումները նրա մասին, թե ինչ պետք է անի ներկայիս հայկական պետությունը և նրա ակտիվ քաղաքական հանրությունը Նիկոլ Փաշինյանի ձախողված վարչախումբը իշխանությունից հեռացնելուց հետո։ Հոդվածաշարի լույս տեսնելուց հետո էլ, գործող վարչախումբը շարունակել է իր նորանոր ձախողումներով բարդացնել Հայաստանի վիճակը, իսկ տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական անբարենպաստ տեղաշարժերը առկա արտաքին մարտահրավերները էլ ավելի են սրել։ Ուստի այսօր ամբողջ սրությամբ մեր առջև կանգնած է այն հարցը, թե ինչպես մենք կարող են պահպանել և զարգացնել մեր անկախ պետությունը, և ինչ հեռահար նպատակների այն պետք է ծառայի, որպեսզի կարողանա մոբիլիզացնել մեր ողջ ազգի ստեղծագործ էներգիան, և դառնա ինքնաբավ և ինքնուրույն գործոն մեր անհանգիստ տարածաշրջանում։

Որն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը

Առաջին հայացքից, թվում է, որ այս հարցի պատասխանը արդեն տրված է ՀՀ Անկախության հռչակագրում, որով նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ստանձնում էր հայ ժողովրդի միասնական պետության ֆունկցիան, և որպես այդպիսին, այդ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովման առանցքային առաքելությունը։ Սակայն իրականությունն այն է, որ Անկախության հռչակագիրն ընդունելուց հետո անցած 32 տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի դարձել հայ ժողովրդի միասնական պետությունը և նրա ձգողականության կենտրոնը, այլև նրա իսկ բնակիչների առնվազն մեկ երրորդը՝ մոտ 1,2 միլիոն մարդ, այդ ընթացքում արտագաղթել են երկրից, ենթադրաբար համարելով, որ այն չի կարող իրենց ապահովել ոչ անվտանգության, և ոչ էլ բարեկեցության բավարար մակարդակ։

Ի լրումն դրան, բոլոր այդ տարիների ընթացքում, Հայաստանը աչքի է ընկել աղքատության բարձր մակարդակով, միջին կենսամակարդակը կարգով ցածր է եղել զարգացած երկրներից, իսկ վերջին տարիներին դրան ավելացել է նաև անվտանգության նախկինում ձևավորված համակարգի փլուզումը, և որպես հետևանք՝ անվտանգային մարտահրավերների կտրուկ սրումը։ Ուստի, եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայ մարդուն անվտանգության և բարգավաճման միջավայր ապահովող միասնական համակարգ, ապա նա իր առաքելության և որևէ մասը թե նախկինում, և թե այժմ լիարժեք չի կատարում։  

Վերը ասածին հավելվում է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը չունի հստակ արժեքային դիրքավորում տարածաշրջանում։ Օրինակ,  մեր ոխերիմ հարևան Ադրբեջանը հանդես է գալիս որպես էներգետիկ ռեսուրսների խոշոր արտահանող, Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ռազմական առաջատար և Եվրասիական տրանզիտային տարբեր հոսքերի հիմնական կենտրոն, մեր մյուս հարևան Վրաստանը՝ որպես տրանզիտային միջանցք և զբոսաշրջային կենտրոն։ Հայաստանի դիրքավորումը սակայն այդքան էլ հստակ չի, և տարածաշրջանային որևէ էական խնդիր դեռևս չի լուծում, դա բերում է նրան, որ Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից որևէ շոշափելի առավելություն չի ստանում, իսկ դա էլ իր հերթին բացասաբար է ազդում նրա պաշտպանունակության և տնտեսական զարգացման վրա։ Ինչ-որ իմաստով, այս ամենը փոխկապակցված են, քանի որ սրանից 100 տարի առաջ, նույն Թուրքիան և Ադրբեջանը, կարողանալով խլել Հայաստանի Հանրապետության տարածքների զգալի մասը, նրան այնպիսի քարտեզ են պարտադրել, որը էապես սահմանափակում է մեր երկրի պաշտպանական, տրանզիտային ու ռեսուրսային հնարավորությունները, և հարկադրում է գոյությունը պահպանել չափազանց անբարենպաստ աշխարհագրական պայմաններում։ Եթե այս ամենը շարունակվի առանց արմատական փոփոխությունների, ապա մեր անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն լուծվի, այլև կշարունակվեն սրվել, սպառնալով արդեն բուն անկախ պետության գոյությանը, ինչպես դա տեղի ունեցավ 1920 թվականին։

Հայ քաղաքական միտքը մինչև վերջ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց։ Ներկայումս իշխող վարչակարգի և նրա տարբեր սատելիտների հիմնական թեզն այն է, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ դիմագրավելու նեո-թուրանական նախագծին, ուստի նրա միակ հեռանկարը հավաքական Արևմուտքի հովանավորությամբ այդ նախագծի մաս դառնալն է, և դրանով իր գոյությունն ապահովելը, այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նրա անվերջանալի զիջումները թուրք-ադրբեջանական տանդեմին, ի վերջո նրա բարեհաճությունը ստանալու ակնկալիքով։ Գործող ընդդիմության հիմնական թեզն այն է, որ ընդհակառակը, պետք է հենվել Ռուսաստանի և մասամբ Իրանի վրա, և հակազդել այդ նեո-թուրանական ծրագրին, մաս դառնալով ձևավորվող Հյուսիս-Հարավ առանցքին։

Երկու մոտեցումներն էլ, սակայն, անվտանգության լիարժեք լուծում չեն ապահովում։ Առաջինի դեպքում, որևէ երաշխիք չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, դառնալով Հայաստանի փաստացի սուվերենը, երկարաժամկետ հեռանկարում կհանդուրժի նրա գոյությունը։ Եթե նույնիսկ հիմա այն համաձայնվի հավաքական Արևմուտքի ճնշման ներքո առերևույթ խաղաղության պայմանագիր կնքել, նրա հաջորդ գործողությունը լինելու է Արցախի հայաթափումը, իսկ դրանից հետո հերթը հասնելու է Սյունիքին, Վայոց ձորին, և Հայաստանի այլ, համեմատաբար նոսր բնակեցված արևելյան տարածքներին, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը բնավ չի թաքցնում։  Երկրորդ տարբերակը, հարկավ, մեզ համար արտաքուստ ավելի բարենպաստ է, սակայն առանցքային բացն այստեղ այն է, որ թե Ռուսաստանը, և թե Իրանը այսօր ունեն լրջագույն խնդիրներ հավաքական Արևմուտքի հետ։ Դա արագ սպառում է նրանց ռեսուրսները, և նույնիսկ վտանգի տակ դնում այդ երկրներից յուրաքանչյուրում իշխող վարչակարգերի կայունությունը, և որպես հետևանք՝ նրանց կարողությունը հիմնարար դերակատարություն պահպանել մեր տարածաշրջանում։ Դրա առաջին նախանշանները մենք տեսանք 2020 թ․ Արցախյան պատերազմում, երբ ռուս-իրանական տանդեմը փաստացի զիջեց իր դիրքերը թուրք-ադրբեջանականին, և արդյունքում զոհաբերեց նաև հայության կենսական շահերը՝ ընդամենը ժամանակավոր դադար շահելու հեռանակարով, նույնը մենք տեսնում ենք այս օրերին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

Հայ քաղաքական մտքում առկա է նաև երրորդ, դեռևս որոշակիորեն սաղմնային ուղղություն, որի հիմքում է այն գաղափարը, որ ներկայացնելով աշխարհասփյուռ ազգ, որը որոշակի ռեսուրսներ և ազդեցություն ունի տարբեր խոշոր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավակնի գլոբալ դերակատարության, և փորձի դառնալ արժեքավոր ողջ աշխարհի համար։ Դա Հայաստանին հավելյալ մեծ ռեսուրսներ կտա, և կօգնի հաղթահարել աշխարհագրական դիրքով պայմանավորված սահմանափակումները։ Այս գաղափարի հիմնական ջատագովներից է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը վերջերս իր «Անհաղթահարելի ցանկություն» հոդվածում առաջ էր քաշել այն թեզը, որը հայերը պետք է հավակնեն աշխարհի մասշտաբով մեծ խնդիրներ լուծելու, այդ դեպքում նրանք կվերականգնեն իրենց գլոբալ կարևորությունը, ինչպես նախկինում, երբ նրանց ձեռքում էր հայտնվել Հնդկաստանից Եվրոպա տարանցիկ առևտուրը։ Սա շահեկան գաղափար է, սակայն պահանջում է պատասխանել առնվազն երկու կրիտիկական հարցի՝ առաջինը, կոնկրետ ինչ իրատեսական դերակատարության մասին կարող է գնալ խոսքը, և մինչև այդ դերակատարությանը հասնելը, ինչպես խուսանավել մեզ շրջապատող գիշատիչների միջև և թույլ չտալ պետության կորուստը։

Ինչպիսի գլոբալ խնդիրների է բախվում աշխարհը

Փորձենք սկզբից պատասխանել առաջին հարցին։ Ցանկացած ռազմավարական դերակատարություն պետք է հենված լինի առկա ռեսուրսների, տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցող հիմնարար տեղաշարժերի և դրանց արդյունքում բացվող հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա։ Նախ, դիտարկենք այն գլոբալ տեղաշարժերը, որոնք ազդելու են մեր վրա առաջիկա տարիներին, գնահատելու դրանց հնարավոր դրական և բացասական ազդեցությունները, և հասկանալու արդյունարար հաշվեկշիռը, քանզի դրանք կարող են նաև մեր դեմ աշխատել, ինչպես մեր դեմ աշխատեց, օրինակ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը։ Ստորև, փորձենք հակիրճ անցնել հիմնական գործոնների վրայով, առանձնացնելով առավել կարևորները․

Սկսենք հենց Արևմուտքի և Ռուսաստանի (ինչպես նաև զուգահեռաբար Չինաստանի ու Իրանի) միջև հարաբերությունների սրումից, և այդ ֆոնին՝ Թուրքիայի ուժեղացումից։ Այս գործոնը մինչ այժմ ծայրահեղ անբարենպաստ է ազդել մեր վրա, քանի որ բերել է մեր տարածաշրջանում ուժային հաշվեկշռի խաթարման, և արդյունքում հնարավորություն է տվել թուրք-ադրբեջանական տանդեմին համարյա անարգել ագրեսիա սանձազերծել Հայաստանի և Արցախի դեմ։ Եթե հարաբերությունների սրումը շարունակվի, մասնավորապես, հանգեցնելով Հյուսիս-ատլանտյան դաշինքի երկրների անմիջական ներգրավմանը պատերազմական գործողություններում, ապա հետևանքները կարող են էլ ավելի աղետալի լինել, և բերել մեր տարածաշրջանում երկրորդ ճակատի բացման։ Այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ նոր ռազմական բախման թատերաբեմ, և ցանկացած զարգացման հեռանկարի մասին կարելի է մոռանալ։ Եթե սակայն հակամարտությունը մտնի «սառը պատերազմի» փուլ, անմիջական մարտական գործողությունները դադարեն, և կողմերը տեղափոխեն իրենց հակասությունները դիվանագիտական և տնտեսական հարթություն, Հայաստանը կարող է և շահել, քանի որ պահպանելով բարենպաստ հարաբերություններ կողմերի միջև, կարող է դառնալ նրանց կապող տնտեսական, ֆինանսական և հումանիտար օղակներից մեկը (ինչպես դա հիմա անում են, օրինակ, Թուրքիան և Հնդկաստանը)։

Երկրորդ կարևոր գործոնը գլոբալ տաքացումն է, և դրա հետ կապված համաշխարհային տնտեսության սպասվելիք դե-կարբոնիզացիան։ Այս գործոնը բարենպաստ է Հայաստանի համար, քանի որ այն արդեն իր էներգետիկ կարիքների զգալի մասը բավարարում է միջուկային և հիդրո էներգետիկայի հաշվին, և ունի արևային էներգիայի հսկայական չօգտագործված պաշարներ, որոնք առաջիկա տարիներին զգալի տնտեսական աճի ռեսուրս կարող են ապահովել, զուգահեռաբար լուծելով արտաքին էներգակիրներից կախվածության նվազման խնդիրը։ Այս գործոնը նաև աշխատելու է մեր թշնամիների դեմ, երկարաժամկետ հեռանկարում արժեզրկելով նրանց հիմնական առավելություններից մեկը՝ նավթա-գազային ռեսուրսները։ Եթե դրան հավելենք, որ գլոբալ տաքացման և աշխարհի բնակչության աճի հետևանքով, սրվում է նաև քաղցրահամ ջրի դեֆիցիտը, ապա Հայաստանը կարող է լրացուցիչ առավելություններ ստանալ, եթե կարողանա պահպանել և արդյունավետ օգտագործել նաև իր ջրային ռեսուրսները։

Երրորդ կարևոր գործոնը տնտեսական ակտիվության համաշխարհային կենտրոնի աստիճանական տեղափոխումն է Ասիա, մասնավորապես Չինաստան և Հնդկաստան, և դրա հետ կապված տարատեսակ տրանզիտային հոսքերի աճը։ Այս գործոնը կարող է էապես բարելավել Հայաստանի դիրքը տարածաշրջանում, եթե այն կարողանա արդյունավետ հարաբերություններ հաստատել Ասիայի վեր հառնող տնտեսական հսկաների հետ, և կոնկրետ դերակատարություն ստանձնել Ասիայի և Եվրոպայի միջև տրանզիտային հոսքերի կառավարման մեջ, դրա բարենպաստ նախադրյալներն այսօր կան։ Ակնհայտ է սակայն, որ այս դերակատարության համար նաև սրվում է մրցակցությունը, մասնավորապես, մեր ոխերիմ հարևան Ադրբեջանի կողմից, և Սյունիքի նկատմամբ լիարժեք վերահսկողության պահպանումը պետք է դիտարկել հենց այդ մրցակցության համատեքստում։

Չորրորդ կարևոր գործոնը արհեստական բանականության և բիոտեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող հեղափոխությունն է, որն արմատապես կարող է փոխել մարդու դերը տնտեսական պրոցեսներում, մինչ այժմ նրա կողմից իրականացվող ֆունկցիաների զգալի մասը պատվիրակելով ինքնուսուցվող ալգորիթմներին և նոր սերնդի ռոբոտացված համակարգերին, որոնք ընդունակ են նմանակել մարդու վարքագիծը։ Այս հեղափոխությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդկանց զգալի մասը ընդհանրապես դուրս մղվի տնտեսական պրոցեսներից, իսկ աշխարհը սկսի կառավարվել արհեստավարժ փոքրամասնության կողմից, որը վերահսկում է ալգորիթմները, տվյալները և առանցքային տեխնոլոգիաները։ Արդեն հիմա մենք դա տեսնում ենք Ֆեյսբուքի, Գուգլի կամ Ամազոնի օրինակով, որոնք սկսել են վիթխարի և անհամաչափ ազդեցություն ձեռք բերել մեր կյանքի վրա։ Հայաստանը կարող է դեռ հասցնել ցատկել ընթացքող գնացքի վրա, և իր բաժինն ունենալ ապագա հիպեր-տեխնոլոգիական աշխարհում, ուշանալու դեպքում սակայն Հայաստանի բնակչության զգալի մասը կարող է հայտնվել տնտեսական բարիկադների հակառակ կողմում, և դատապարտվել հավերժական աղքատության։  

Հայաստանի վրա ազդելու են բազմաթիվ այլ գործոններ՝ օրինակ, հեռավար մեթոդներով աշխատանքի տարածումը, անցումը առողջ սննդակարգերի, բնակչության ծերացումը զարգացած երկրներում և առողջապահական ծառայությունների աճը, կրթական մոդելների արմատական վերափոխումը, նույն արհեստական բանականության ներթափանցումը ռազմական ոլորտ, տիեզերքի կոմերցալիզացիան, արտադրական տեխնոլոգիաների տրանսֆերի դյուրացումը երկրների միջև, և այլն։ Հնարավորություն չունենալով մի հոդվածի շրջանակներում քննարկել բոլոր այդ տենդենցները, բավարարվենք նրանով, որ նրանցից յուրաքանչյուրը նոր հնարավորություններ է ստեղծում, և էական է այն, թե որքանով ենք մենք Հայաստանում պատրաստ այդ հնարավորությունները արագ ընկալելու, դրանց շուրջ մեր ռեսուրսները մոբիլիզացնելու, ռիսկերի գնալու և արդյունքները  արագ մասշտաբայնացնելու։

Ինչ ստարտային ռեսուրսների ենք մենք տիրապետում

Վերը նշած տեղաշարժերի համայնապատկերում, կարևոր է հասկանալ, թե ինչ ռեսուրսների ենք մենք տիրապետում, և ինչպես կարող ենք նրանք օգտագործել։ Ուստի, փորձենք հնարավորինս ընդարձակ դիտարկել դրանք, միաժամանակ չփորձելով գերագնահատել, և կենտրոնանալով նրանց վրա, որոնք իրական մրցակցային արժեք են ներկայացնում։

Մեր առաջին ռեսուրսը մեր պատմամշակույթային և հոգևոր ժառանգությունն է, այն նյութականացված է բազմաթիվ հուշարձանների, ձեռագրերի, արվեստի գործերի, և նաև մեր արժեհամակարգի և առօրյա կենսակերպի մեջ՝ պատահական չէ, որ Հայաստանը ոչ միայն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է, այլև աշխարհի առավել ցածր բռնության մակարդակ ունեցող երկրներից մեկը, և այդ ամենը սերտորեն փոխշաղկապված է։

Մեր երկրորդ ռեսուրսը գիտա-տեխնոլոգիական ներուժն է, այն թեև էապես տուժել է անկախության տարիներին, բայց ներկայումս որոշակի վերելք է ապրում։ ԱՊՀ երկրների կազմում Հայաստանը առաջատար է մեկ շնչին ընկնող գիտական հրապարակումների թվով, ինչպես նաև մեկ շնչին ընկնող բարձ տեխնոլոգիական ծառայությունների ծավալով, թեև բացարձակ թվերով, իհարկե, զիջում է ԱՊՀ ավելի խոշոր երկրներին։

Մեր երրորդ ռեսուրսը մարտական ներուժն է։ Թեև մենք ցավալի պարտություն ենք կրել 2020 թ․ Արցախյան պատերազմում, և հիմնականում շարունակում ենք զիջել Ադրբեջանի հետ սահմանային բախումներում, մեր բանակը կազմաքանդված չէ, և ընդունակ է վերականգնել իր մարտական կարողությունները, իսկ մեր ժողովրդի զգալի մասը բնական կերպով հակված է մարտական ծառայության և արժևորում է այն։

Մեր չորրորդ ռեսուրսը ֆինանսական կարողությունն է։ Հայաստանը աչքի է ընկնում բարձր մակրո-տնտեսական կայունությամբ, մեր բանկերը, թեև բացարձակ իմաստով փոքր են, բայց առկա տնտեսության համեմատ բավարար կապիտալիզացված են, իսկ արտերկրում առկա է զգալի հայկական ֆինանսական կապիտալ, որը բարենպաստ պայմաններում արագ ներհոսում է երկիր և խթանում տնտեսական աճը։

Մեր հինգերորդ ռեսուրսը մեր տարածքն է՝ թեև այն ֆիզիկապես սահմանափակ է, նրա զգալի մասը ունի կյանքի և զբոսաշրջության համար բարենպաստ պայմաններ, տրանզիտային միջանցքներ, և քաղցրահամ ջրի ու վերականգնվող էներգիայի զգալի պաշարներ։

Վերջապես, մենք ունենք զգալի կառավարչական և պրոֆեսիոնալ ներուժ, Հայաստանից դուրս մեր հայրենակիցները լուրջ հաջողության են հասնում այս ոլորտներում, և երկրի ներսում էլ պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտը արագ զարգացում է ապրում, մասամբ նաև օգտվելով հեռավար աշխատանքի ընդլայնված հնարավորություններից։

Այս ամենը, թերևս, գաղտնիք չէ, և բնական հարց է առաջանում՝ ինչպես այն օգտագործել, որպեսզի կարողանանք կարգով ավելի մեծ արդյունք ստանալ, և այս ռեսուրսների հաշվին մի կերպ «յոլա գնալու» փոխարեն, դառնանք իսկապես հզոր և զարգացած պետություն։ Իրական գաղտնիքը նրանում է, թե ինչպես ենք օգտվում բացվող գլոբալ հնարավորություններից և այդ ռեսուրսները նորովի օգտագործում՝ հասնելով նրանց միջև սիներգետիկ արդյունքի։

Ինչպես ռեսուրսները վերածել մրցակցային արժեքի

Որպեսզի վերը ասվածը պարզաբանենք, ուսումնասիրենք կոնկրետ մի օրինակ։ Այսօրվա Հայաստանում մենք ունենք բանակ, որը կռվում է հիմնականում նախորդ դարի սպառազինությամբ և ռազմական տեխնոլոգիայով, ունենք բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնք աշխատում են արտաքին պատվիրատուների համար, և ունենք ֆինանսական կապիտալ, որը շրջանառվում է տարբեր առևտրային գործառնություններում, երկրի համար իրական մրցակցային արժեք չստեղծելով։ Այժմ պատկերացնենք մի վիճակ, երբ ֆինանսական կապիտալի մի մասը վերակողմնորոշվում է՝ ֆինանսավորելու ռազմարդյունաբերական նորաստեղծ ընկերություններին, բանակը վերակողմնորոշվում է Ռուսաստանից և այլ երկրներից թանկարժեք սպառազինություն գնելու փոխարեն՝ երկրի ներսում իր կոնկրետ կարիքներին համապատասխանող լուծումներ պատվիրելու վրա, իսկ բարձր տեխնոլոգիական ընկերությունների մի մասն էլ վերակողմնորոշվում է բանակի կարիքները սպասարկելու վրա։ Ավելացնենք բարձրակարգ կառավարիչներին, որոնք ընդունակ են այդ երեքին ի մի բերելու և նրանց միջև ընթացող բարդ պրոցեսները կառավարելու։ Եթե սա հաջողվի, ապա բանակը մի քանի տարում էապես կարող է արդիականացնել իր կարողությունները և մարտավարությունը, բարձր տեխնոլոգիական ընկերությունները կստեղծեն արժեքավոր լուծումներ, որոնք պահանջարկված են ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում, իսկ ֆինանսական կապիտալը կբազմապատկի իր կողմից ներդրած միջոցները, քանի որ այս ընկերությունները լուրջ շուկայական արժեք կներկայացնեն։ Պետությունը, իր հերթին, էապես կավելացնի իր անվտանգային կարողությունները, քանի որ ոչ միայն կաճի բանակի մարտական ներուժը, այլև ռազմարդյունաբերական արտադրանքը կարևոր խաղաթուղթ կդառնա՝ նոր դաշնակիցներ ձեռք բերելու և եղածների հետ հարաբերությունները ամրապնդելու գործում։ Որպես դրա առավել հաջողված օրինակ, կարելի է ուսումնասիրել Իսրայելի փորձը, որտեղ բանակի, բարձր տեխնոլոգիական ոլորտի և ֆինանսական կապիտալի միջև սերտ համագործակցության և պետության հետևողական առաջնորդության արդյունքում այս ոչ մեծ երկիրը կարողացել է դառնալ աշխարհի 5 խոշորագույն սպառազինություն արտահանողներից մեկը (ցավոք, զինելով նաև մեր թշնամիներին), հընթացս արմատապես բարելավելով իր անվտանգային միջավայրը։

Ուշադիր ընթերցողն այստեղ կկանգնեցնի ինձ, և հարց կտա՝ եթե այս ամենն այդքան պարզ է, ապա ինչ՞ու չի արվել մինչև հիմա, և ՞ինչ երաշխիք, որ հիմա կհաջողի։ Նախ, չեմ պնդում, որ սա պարզ է՝ ընդհակառակը, բարդ է և ուժերի մեծ լարում և ժամանակ է պահանջում։ Երկրորդը, անցյալում չի արվել, որովհետև դրա ոչ քաղաքական կամքն է եղել, ոչ էլ այն բարենպաստ նախադրյալները, որոնք առաջացել են այսօր գլոբալ և ներքին փոփոխությունների հետևանքով։ Օրինակ, առնվազն մինչև 2020 թ․ Արցախյան պատերազմը, մեր բանակի ղեկավարությունը լուրջ չէր վերաբերվում հայկական սպառազինությանը և նախընտրում էր ռուսականը, հայկական ֆինանսական կապիտալը ռազմարդյունաբերությունը ևս չէր դիտարկում որպես ներդրումների օբյեկտ, իսկ ռազմարդյունաբերական ընկերությունների մեծ մասը փոքր էին, թերֆինանսավորված, և ընդունակ չէին լուրջ առաջարկ անել բանակին։ Ընդամենը երկու տարի անց, մեր բանակը ժամանակակից սպառազինության և տեխնոլոգիական լուծումների սուր կարիք է զգում, ռուսական սպառազինությունը շուկայից բացակայում է, հայկական ֆինանսական կապիտալը պատերազմից հետո սկսել է զգույշ քայլերով մտնել ոլորտ, որում և առաջացել են մի քանի առաջատար ընկերություններ՝ արդյունքում ձևավորվել են ոլորտի զարգացման այնպիսի նախադրյալներ, որոնք բացակայում էին դեռևս երկու տարի առաջ։ Պետությունն այս ամենում առայժմ չնչին դեր ունի, սակայն երկարաժամկետ հեռանկարում հաշվարկված պետական միջամտությունը կարող է էական դեր խաղալ, թույլ տալով զարգացնել սեփական կոմպոնենտային բազան և հարակից ճյուղերը, խթանել գիտա-կրթական միջավայրը, կայուն պատվերներ ապահովել, և արդյունքում դարձնել ռազմաարդյունաբերությունը այն հավելյալ ուժային գործոններից մեկը, որը կամրապնդի մեր դերը տարածաշրջանում։

Համանման տրամաբանությամբ, կարելի է մի քանի այլ կարևոր սիներգետիկ եռանկյունիներ գծել՝ օրինակ՝ պատմամշակույթային ժառանգության, բնակլիմայական ռեսուրսների, և ֆինանսական կապիտալի միջև, և արդյունքում ստանալ գրավիչ կյանքի միջավայր, որը ձգողականություն է ստեղծում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև մշտական բնակության տեղափոխվողների համար, և դրանով դարձնում է երկիրը ոչ միայն ավելի բարեկեցիկ, այլև ավելի անվտանգ, քանի որ արտերկրից մարդկանց և կապիտալի հոսքերը ճիշտ կառավարման դեպքում անվտանգության լրացուցիչ գրավական են դառնում։ Դրա վառ օրինակն է Կոստա-Ռիկան, որը Կենտրոնական Ամերիկայի պայթունավտանգ և աղքատ տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության «կղզի» է, և դարձել է այնտեղից մարդկանց և կապիտալի ներհոսքի կայուն հանգրվան (վերջին 30 տարներին երկրի բնակչությունը 3 մլն-ից հասել է 5 մլն-ի, հիմնականում ներգաղթի հաշվին)։

Մինչև 2022 թ․ ուկրաինական պատերազմը, Հայաստանը բնավ չէր դիտարկվում որպես «գրավիչ» հանգրվան օտարերկրացիների համար։ Սակայն այս ողբերգական իրադարձությունը անսպասելիորեն բերեց նրան, որ մի քանի տասնյակ հազար օտարերկրացիներ, հիմնականում Ռուսաստանից, նախընտրեցին անցած տարի Հայաստան տեղափոխվել։  Պարզվեց, որ այն ունի մի շարք օբյեկտիվ առավելություններ՝ անշարժ գույքի շուկան բավական տարողունակ է և մատչելի, բանկային համակարգը ճկուն է, նոր ընկերություններ գրանցել և գործարկելը բարդ չի, իսկ կյանքի միջավայրը բավական գրավիչ է, մանավանդ ռուսալեզու մարդկանց համար, որոնք լեզվական և մշակութային իմաստով մեծ խոչընդոտների այստեղ չեն բախվում։ Այս ամենը ստացվել է ինչ-որ չափով ինքնաբերաբար, բայց եթե փորձենք առկա իրողությունները պրոյեկտել դեպի ապագա, ապա հնարավոր է համակարգված կերպով այնպես զարգացնել կյանքի և բիզնես միջավայրը, որ այն դառնա գրավիչ ոչ միայն պատերազմի պայմաններում, այլև ցանկացած ժամանակ, և ոչ միայն ռուսալեզու անձանց, այլև եվրոպացիների, հնդիկների, իրանցիների համար։ Հեռանակարում կարելի է հասնել նրան, որ մեր երկրում մշտապես բնակվեն տասնյակ հազարավոր օտարերկրացիներ, հիմնականում գործարար ոլորտի ներկայացուցիչներ, այստեղ պահեն և այստեղից կառավարեն իրենց կապիտալը, ստեղծեն աշխատատեղեր և նոր տնտեսական հնարավորություններ։ Դրան կարող է վերադրվել նաև հայկական կապիտալը, որը կարող է աշխատել աշխարհի ցանկացած կետում, բայց կառավարվել Հայաստանից, քանի որ նրա բանկային համակարգն ավելի ճկուն է և առաջադեմ, մասնագիտական աշխատուժը՝ կրթված և դինամիկ, տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է բարդ խնդիրներ լուծել, իսկ ազատական միջավայրը հավելյալ առավելություններ է ընձեռնում գործունեության համար։ Եթե սրան հավելենք մի կողմից Արևմուտքի, իսկ մյուս կողմից Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի տարանցիկ հանգրվան դառնալու հնարավորությունը, ապա պատկերն ամբողջանում է և դառնում բավական իրատեսական, թեև այն նյութականացնելը ևս վիթխարի ջանքեր և տարիների աշխատանք կպահանջի։

Ամփոփում․ Ինչ իրական առաքելություն մենք կարող ենք ստանձնել

Այս տրամաբանությամբ, եթե փորձենք այժմ համադրել հիմնական գլոբալ գործընթացները և Հայաստանի առկա ռեսուրսները, ապա առաջին մոտավորությամբ, հետևյալ տեսանելի հնարավորություններն են բացվում Հայաստանի առջև՝ առաջիկա տասնամյակում տարածաշրջանում առաջատար դերակատարություն ստանձնելու տեսակետից․

-    Բարձր տեխնոլոգիական ծառայությունների կենտրոն, մասնագիտացած ֆինանսական և պրոֆեսիոնալ ոլորտների համար արհեստական բանականությամբ լուծումների մշակման և մասշտաբայնացման վրա,
-    Բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերության և ռազմական գործի կենտրոն, մասնագիտացած արհեստական բանականության մարտական կիրառման և արդի մարտադաշտի կառավարման համակարգային լուծումների վրա,
-    Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի և մասամբ նաև Չինաստանի միջև տեղի ունեցող տարանցիկ ֆինանսական, տեխնոլոգիական և հումանիտար հոսքերի կառավարման հանգույց, կյանքի և բիզնեսի ժամանակակից ենթակառուցվածքով,
-    Կանաչ էներգետիկայի վրա հիմնված, էկոլոգիապես մաքուր կենսամիջավայրով երկիր, ներառյալ սնունդը, ջուրը և օդը, անվտանգ ու գրավիչ հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների, վերադարձող տարեցների, ինչպես նաև գործարարների համար,
-    Գիտա-մշակույթային կենտրոն, որն օրգանապես սինթեզում է մեր հոգևոր և մշակույթային ժառանգությունը ժամանակից մշակույթի և հումանիտար գիտության հետ, հանդիսանում է տարածաշրջանի թարգմանչական և արվեստների կենտրոն։

Եթե այս ցուցակը թերի է թվում, կարող եք նոր տարբերակներ ավելացնել, հիշելով սակայն, որ այստեղ գտնվելը հավակնությունների բարձր նշաձող է ենթադրում՝ ոչ թե պարզապես գործունեություն, այլ իրական գերազանցություն, ոչ թե անհատական հաջողություն, այլ համակարգային։ Եթե, սակայն մենք հաջողության հասնենք վերը նշված հինգ ուղղություններից գոնե երեքում, դա էապես կփոխի մեր երկրի հեռանկարը, տալով նրան հստակ առաքելություն, Հայաստանում ապրելու և արարելու կայուն մոտիվացիա, և անվտանգության հավելյալ երաշխիքներ։ Ուստի առաջիկա տարիների գերխնդիրն է լինելու՝ ոչ թե պարզապես հաջողության հասնել անհատական դաշտում, այլ մոբիլիզացնել ուժերը և համագործակցել համախոհների հետ՝ համակարգային հաջողության հասնելու, տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս լուրջ դերակատար դառնալու, և մեր արդյունքը մասշտաբայնացնելու նպատակով։

Ուշադիր ընթերցող, եթե հասել է այս վերջաբանին, արդարացի հարց կտա՝ իսկ ինչպ՞ես ապահովել մեր երկրի անվտանգությունը, մինչև այդ լուսավոր ապագային հասնելը։ Այս հարցի պատասխանը բնավ միարժեք չէ, և համանման խորքային քննարկում է պահանջում։ Խոստանում եմ ձեզ ներկայացնել դրա շուրջ իմ պատկերացումները հաջորդ հոդվածում՝ չհավակնելով միանշանակ լուծման, սակայն համոզված լինելով, որ ունենալով ապագայի հստակ տեսլական և գիտակցած առաքելություն, մենք այդ լուծումը ևս կգտենք։  

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի