Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդեր» հրթիռային համալիրները, նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Ալիևը նաև Ռուսաստանին խնդրել է դադարեցնել Երևանին անվճար զենքի մատակարարումը:
«Դեռ այն ժամանակ, երբ այդ հրթիռներն առաքվեցին Հայաստան, ես ասում էի, որ դա սխալ քայլ է, որ այդ քայլը չի ծառայի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, որ դա մեզ չի զսպի»,- հայտարարել է Ալիևը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման ժամանակ նա Ռուսաստանին առաջարկել է հետ վերցնել «Իսկանդերները»: Ալիևը կարծում է, որ տարածաշրջանում իրավիճակի ողբերգական զարգացումը կանխելու միակ ճանապարհը հրթիռների Հայաստանից Ռուսաստան վերադարձն է և Երևանին զենքի անվճար մատակարարման դադարեցումը: