ՀՀ նախագահի ընտրությունը կարող է լուրջ բանավեճի առիթ դառնալ
Քաղաքականություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Մեկ ամսվա ընթացքում թեկնածուն ներկայացնելու է իր մոտեցումները, նախագահի պաշտոնում իր գործունեության տեսլականը։ Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Խաչատրյանը շիտակ ակնարկել է, որ որևէ կերպ մտադիր չէ հակադրվելու Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, դառնալու է «հեղափոխական» իշխանության խամաճիկը։
Ըստ էության, նրա թեկնածության առաջադրումը դա էլ նշանակում էր, և նախագահի իշխանական թեկնածուն ավելորդ սեթևեթանքների ու ձևերի ետևից չի ընկնում, թե՛ հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին տեղեկացնում է, որ նախագահի պարտականությունները կատարելիս` շարժվելու է ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ, այլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի քմահաճույքներով։ Կասկած չկա, որ առնվազն երկրորդ փուլով, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեները բավարարեն, Վահագն Խաչատուրյանը կընտրվի նախագահի պաշտոնում։
Խորհրդարանական ընդդիմությունը նախագահի ընտրությունն օգտագործելու մեկ տարբերակ ունի. այն դարձնել իշխանության ապօրինությունները բաձրաձայնելու, իշխանության դեմ արդյունավետ պայքար մղելու ևս մեկ առիթ։ Այդ իմաստով, անհրաժեշտ է, որ ընդդիմադիր երկու դաշինքները առնվազն մեկ, բավական պատրաստված թեկնածու առաջադրեն՝ իշխանության համար ընտրությունը տհաճ իրողություն դարձնելու նպատակով։ ԶԼՄ-ները հայտնում են, թե ընդդիմությունը կարող է թեկնածու առաջադրել Լեհաստանում նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ Վերջինս, բավական ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում, և կարող է նախագահի ընտրության գործընթացը վերածել փաշինյանական վարչախմբի դեմ պայքարի ևս մեկ դրվագի։
Միհրան Ավանեսյան