Վրաստանն իր քաղաքացիների համար խստացնում է Եվրոպա մեկնելու կանոնները
ՎիդեոՎրաստանի խորհրդարանն այս շաբաթ քննարկման կդնի դեպի Շենգենյան գոտու երկրներ մեկնելու նոր կանոնները։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Վրաստանի քաղաքացիները 2017թ․-ից կարող են մեկնել Շենգենյան երկրներ՝ առանց մուտքի վիզայի՝ այնտեղ անցկացնելով առավելագույնը 90 օր մեկ կիսամյակի ընթացքում։
Սակայն նոր կանոնների համաձայն՝ քաղաքացիների ելքը դեպի նշված երկրներ կարգելվի՝ վերջին 10 տարվա ընթացքում տրված կենսաչափական անձնագրի բացակայության դեպքում։
Ելքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ կլինի նաև, որպեսզի քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սպառվի վերադարձի տարեթվից առնվազն երեք ամիս հետո։
Վրաստանի քաղաքացիները նաև պետք է մեկնելիս ունենան վերադարձի տոմս կամ ամրագրած լինեն այն, ունենան ամրագրված հյուրանոց կամ նշեն ընդունող երկրում իրենց հյուրընկալող անձի ճշգրիտ հասցեն։
Քաղաքացուն կարող է արգելվել երկրից մեկնել նաև ապահավագրության բացակայության կամ բավարար ֆինանսական միջոցներ չունենալու դեպքում։
Նոր կանոններով նաև նախատեսվում է քրեական պատասխանատվություն այն անձանց համար, ովքեր, օրինակ, կեղծ փաստաթղթեր կտրամադրեն՝ այլ երկրներում ապաստան ստանալու համար։
Նման սահմանափակումների անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսպանիան, դժգոհություն են հայտնել Վրանստանից ԵՄ-ում ապաստան խնդրող քաղաքացիների թվի աճից և կոչ արել այդ երկրին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել։