Աշխարհն աստիճանաբար ջրի տակ է անցնում, և այս իրավիճակը պետք է խստագույնս մտահոգի մարդկությանը: Ամենի պատճառը գլոբալ տաքացումն է: Ոչ բոլոր պետություններին կհաջողվի մնալ ցամաքում, իսկ որոշներն էլ արդեն այսօր են խորտակման գործընթացում: Համաշխարհային սառցադաշտերը հալչում են վախեցնող արագությամբ, և արդեն 2100 թ. ստիպված կլինի տարհանվել և վերաբնակեցվել 100 միլիոն մարդ:

 

Մալդիվյան կղզիներ

Այս գեղեցիկ կղզային պետությունը համարվում է վերացման առաջին թեկնածուն: Տարբեր չափսերի բոլոր 1192 կղզիներն ամենացածր դիրքում են գտնվում աշխարհում, և այս ամենին գումարվում է լողափերի ուժգին էրոզիան: Կղզիների ամենաբարձր կետը ծովի մակարդակից ընդամենը 2,4 մ բարձրության վրա է գտնվում: Արդեն այսօր մարդիկ աստիճանաբար տեղափոխվում են, քանի որ նրանց տները ջրի տակ են հայտնվում: Մալդիվների ամենախոշոր կղզին ջրի տակ կանցնի արդեն մի քանի տասնյակ տարի անց:

Բոլորը գիտեն Մալդիվյան կղզիների հետագա ճակատագիրը, այդ իսկ պատճառով էլ զբոսաշրջիկներն աշխատում են հնարավորինս վաղ այցելել այնտեղ: Տեղի կառավարությունը նախատեսում է արհեստական կղզիներ կառուցել, որոնց վրա ապագայում կապրեն այն մարդիկ, ում տները ջրի տակ կհայտնվեն:

 

Կիրիբատի

Սա պետություն է, որը ևս գլոբալ տաքացման առաջին զոհերից մեկն է լինելու: Կիրիբատիում զգացվում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը: Մի քանի կղզի արդեն իսկ ջրի տակ են անցել, և մարդիկ մնացել են առանց տների: Ոմանք տեղափոխվել են ավելի բարձրադիր ու խոշոր կղզիներ:

Կիրիբատիի նախագահն արդեն ակտիվորեն մտածում է խնդրի լուծման մասին, և Ֆիջիից հողատարածք է գնել իր բնակիչներին տեղավորելու համար: Սակայն, բնականաբար, Ֆիջին իր բոլոր տարածքները չի կարող վաճառել Կիրիբատիին:

Նաուրու

Հանրապետությունը փոքրիկ կղզի է, և եթե օվկիանոսի մակարդակը շարունակի բարձրանալ, ապա Նաուրուն ամբողջությամբ ջրի տակ կհայտնվի: Տեղի բնակիչները ստիպված են ապրել ափերում, քանի որ օգտակար հանածոների արդյունահանումից հետո մյուս տարածքներում հողը բնակության համար անպիտան է դարձել: Այսօր տեղի իշխանությունները ջանք չեն խնայում տարածքները վերականգնելու համար: