Հայաստանում հիսուն խոշորագույն ՏՏ կազմակերպություններն ավելի քիչ հարկ են վճարում, քան ԶՊՄԿ-ն
ՎիդեոԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մի քանի տարի անընդմեջ առաջին տեղում է հարկերի առումով։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն այդ մասին ասել է Հանրային ռադիոյին տված հարցազրույցում՝ ներկայացնելով հանքարդյունաբերական ընկերությունների դերը Հայաստանի տնտեսության զարգացման, բնակչության զբաղվածության և անվտանգության առումներով։ Նրա խոսքով, մյուս հանքարդյունաբերական ձեռնարկություններն էլ ետ չեն մնում ՀՀ բյուջե հարկեր վճարելու հարցում։
Ջհանյանն ուշագրավ մի դիտարկում է արել, նկատել, թե բոլորը հարգանքով են խոսում հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների, նրանց աշխատանքի մասին։
«Համեմատական կա, որ հիսուն խոշորագույն ՏՏ կազմակերպություններն ավելի քիչ հարկ են վճարում, քան միայն ԶՊՄԿ-ն։ Այսինքն, հասկանալի է, որ պետական եկամուտների առումով հանքարդյունաբերությունն առաջատար ոլորտն է»,- ասել է նա։
Վարդան Ջհանյանը նշել է, թե ԶՊՄԿ-ն, գտնվելով Սյունիքում, ահռելի կարևորություն ունի նաև անվտանգության համար, լուծում է տեղական բնակչության տեղում բնակվելու, արժանապատիվ վարձատրություն ստանալու հարցը։