Ուղիղ արհամարհանքի և անլուրջ վերաբերմունքի վկայություն. մի լուսանկարի պատմություն
ՎիդեոՀայաստանի գործող վարչախմբի քարոզչամեքենան, Փաշինյանին սպասարկող «վայ-քաղաքագետներն» ու ֆեյքերի ֆաբրիկան իսկական հարձակում են սկսել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ։ Գեներալ-մայորը ֆեյսբուքի էջում տեղադրել էր համացանցում հայտնի դարձած մի լուսանկար, որում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող ու Իլհամ Ալիևի մոտ նստած Նիկոլ Փաշինյանի առջև երևում է «Ադրբեջան» գրությամբ ցուցանակ։
Իշխանական քարոզչամեքենան, Փաշինյանն ու իր արբանյակները, սակայն, որևէ ծպտուն չեն հանում, երբ այդ նվաստացուցիչ կադրերը հայտնվում են ռուսական պետական ալիքների եթերում։ Անգամ մեկ բողոք չեն ներկայացնում, երբ ՀՀ փաստացի ղեկավարին ծաղրի առարկա են դարձնում։
Պաշտպանության նախկին նախարարի դեմ գրոհ կազմակերպելու փոխարեն ավելի արժանապատիվ կլիներ պարզաբանում պահանջվեր ռուսական ալիքներից։
Ինչպես Արշակ Կարապետյանն է հայտնել «Փաստի» հետ զրույցում, նման դեպքերում պատահականությունների չի հավատում։
«Սա ուղիղ արհամարհանքի և իր նկատմամբ անլուրջ վերաբերմունքի վկայություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ սա միայն Նիկոլ Փաշինյանի ամոթը չէ, սա յուրաքանչյուր հայի ամոթն է»,- ասել է Կարապետյանը:
Առաջին անգամը չէ, որ ՀՀ վարչապետին նման վերաբերմունքի են արժանացնում և դա չի արժանանում հայկական կողմի կոշտ գնահատականին։ Նույն այդ «վայ-քաղաքագետները», տարբեր պոակ-ներն ու ՔՊ-ական քարոզիչները ձկան նման լուռ են այդպիսի դեպքերում։
Ներկայացնում ենք ռուսական հեռուստաալիքների կադրերը՝ ի գիտություն գեներալ-մայոր Կարապետյանի դեմ տեղեկատվական գրոհի հեղինակների։